ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ով է բանակի հաշվին հարստանում

Ով է բանակի հաշվին հարստանում
27.05.2016 | 15:41

Օրերս համացանցն ալեկոծեց բանակին առնչվող հերթական տհաճ նորությունը: Լեհաստանի Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայատառ գրված է՝ վաճառքի ենթակա չեն և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է:
Այս տեղեկությունից հետո ակնկալվում էր, որ պաշտպանության նախարարությունից սկսած մինչև իրավապահ մարմինները պետք է իրար խառնվեին ու արագ գտնեին այս հանցավորության «հետքերը»: Մինչդեռ կատարվեց լիովին հակառակը, ինչը, թերևս, արդեն մեզանում զարմանալի էլ չէ:


Նախօրեին պարզվեց, որ ՀՀ զինդատախազության, պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ այս հարցի քննարկման արդյունքում Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը։ Դեսպանը խնդրել է ստուգել Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկությունը, պարզել ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնել:


Սա խայտառակություն է: Դժվար է առավել մեղմ ձևակերպում տալ: Ժողովուրդը կասեր. «Նաղդը թողած, ընկել են նիսիայի հետևից»: Փաստորեն, հայկական կողմը փոխանակ պարզի, թե ինչպես է իր երկրից այդ ապրանքը դուրս եկել ու ինչպես է հասել ԵՄ տարածք, Լեհաստանի իրավապահներին է դրա բացահայտման խնդրանքով դիմում: Հարց է առաջանում` դատախազությունը Հայաստանի մաքսային ծառայությունից պարզե՞լ է, թե ինչպես է այդ ապրանքը դուրս եկել երկրից` օրինակա՞ն, թե՞ անօրինական ճանապարհով: Արդյոք սա մաքսանենգության դեպք չէ՞: Դիմե՞լ են, հարցրե՞լ են սեփական երկրի համապատասխան կառույցին, եթե այս գործողությունները կատարել եք ու չեք տեսել, որտեղ է թաղված շան գլուխը, նշանակում է` մեր երկրում իրավապահ, վերահսկողական բոլոր կառույցները իզգոյ են, անաշխատունակ: Հայաստանը փոքր երկիր է ու պետեկամուտների նախարարությունը հստակ գիտի` ով է երկրից գեթ մի ասեղ արտահանում ու ներմուծում, թե՞ մտածում են` «զինվորի բաժինը» մի ճամպրուկ լցրած իրեն- իրեն թռել-գնացել է Լեհաստան: Մեկ անգամ ազնիվ եղեք սեփական ժողովրդի հետ, որն ապացուցեց, որ սեփական արյամբ ի վիճակի է պաշտպանելու իր հայրենիքը, անպատասխանատու պաշտոնյաներին ու տզրուկի նման իր բաժնից գողացողներին:


Կա նաև մեկ այլ լուրջ հանգամանք, որը պետք է շա՜տ անհանգստացնի հատկապես պաշտպանության նախարարությանը: Եթե «զինվորի բաժնից», այսպես ասած, արտահանվել է, նշանակում է` զինվորը թերի է սնվել կամ պետության գումարներով ու զինվորի հաշվին ոմանք խիստ եկամտաբեր բիզնես են անում: Մեր իրավապահ մարմինները ստուգե՞լ են արդյոք այն ընկերության աշխատանքը, որը «զինվորի բաժին» անվանումով սնունդ է մատակարարում բանակին: Այն ժամանակահատվածում, որ այդ սնունդը դուրս է հանվել, պակասորդ չի՞ ունեցել այդ ընկերությունը: Բազում հարցեր կան սեփական երկրում պարզելու և հանրությանը ներկայացնելու, որովհետև սա պետական գաղտնիք չէ, որ խնամքով թաքցվի: Հանրությունը գոնե մեկ անգամ պիտի իմանա, թե ով է զինվորի հաշվին բիզնես անում: Հայտնի ֆիլմի հանգույն, պետությունը ուսուցչին, բժշկին քիչ է վճարում, որ խնայված միջոցները տրամադրի բանակին, իսկ ոմանք թուխս գողացող աղվեսի պես, սերմացու գողացող մկան պես, այդ խնայված միջոցներով անպատկերացնելի հարստություն են դիզում:
Իրական մեղավորներին չբացահայտելն է գուցե այն պատճառը, որի համար Հայաստանի իրավապահ մարմինները իրենց գործը գցում են ուրիշների վրա` խնդիրը «ջրելու» տրամաբանությամբ: Քառօրյա պատերազմը գոնե այսպիսի հարցերում պետք է մեծ դաս լիներ, բայց ավաղ...


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ